24/12/2012

***


      Այնպես եմ ուզում այրել կամուրջները,
      որ բռնկվեն նաև ձորերը անցած,
      և երբ հոգիս հմայվի 
      մոխրից բարձրացող ծխի ժապավենով՝
      կսկսեմ շինարարությունը 
      կանգնածս վայրում քողտիկ, 
      և ոչ թե որևէ ձորի հետ կապող կամուրջ 
      կառուցելու համար:

21/12/2012

***

Եվ, այնուամենայնիվ,
եկավ աշխարհի վերջը,

դեկտեմբերի 21-ին, ուղիղ 10:12
ծերունին ներս մտավ դանդաղ բացվող դռնից
և տխուր դեմքով` բացիկ հանձնեց մեզ,
որում շնորհավորանք էր՝
Ամանորի, Սուրբ Ծննդյան և շարունակվող կյանքում կատարվելիք
հետագա գործերի հաջողության բարեմաղթանքով,
մի հեռավոր ու տաք երկրից,
որի գտնվելու տեղն ու անվանումը
ոչ ոք չմտաբերեց:

18/12/2012

***

Անունդ սահում է կողքովս՝
տարբեր իրերի վրայով,
նայում է աչքերիս՝ իբրև իմիջիայլոց.

Ու մտաբերում եմ, որ
եղել ես,
իբրև իմիջիայլոց՝ նայել ես աչքերիս,
և իրերը սահել են մեր կողքով:

15/12/2012

***

Ոտնաթաթերի վրա լքում եմ
տարածությունը իմ և քո միջև.
Այս բաժանումը թող հենց այդպես էլ
Անավարտ մնա:

13/12/2012

***

Դիմացից
եկող մեքենան
գնում էր մեր երազանքների ճանապարհով,

մենք չհամարձակվեցինք զգուշացնել վարորդին,
որ այնտեղ, ուր նա գնում է,
միայն վերադարձի ճանապարներ են: