28/10/2011

***


Երազանքներս դասավորում եմ ճանապարհներին
Ու հրաժեշտից առաջ ուզում եմ մի փոքր լռել,
Հերթական անգամ հարգանքից դրդված բառեր չեն դիպչում
Երազանքներիս՝ քամուց օրորվող անշունչ թևերին:
Այս պատերազմին հայտարարում եմ ավելի քան վերջ,
Իրականության հաղթանակ ընդդեմ երազանքների,
Ես վայր եմ դնում զենքերն իմ բոլոր ու անվերադարձ,
Ողջույն քեզ, աշխա'րհ, իրականության մենաստաններից:
Երազանքներս դասավորել եմ ճանապարհներին,
Ուր անմտորեն թևերն է բախում վերջինը՝ դեռ տաք,
Դրանցո'վ գտեք թատրոնն իմ առանց դերասանների,
Թաքստոցը հոգուս, ուր ես ապրում եմ իբրև երազանք:


2008

25/08/2011

***


Չափավոր խելագարություն է, սիրելիս.
կանցնի, չմտածես, կանցնի:
Կվերադառնանք քո փափագած անդունդը՝
տագնապներից, կրքից հեռու:

Չափավոր վաղեմության մոտիվներ են.
վայելում ենք շեղումը օրվա:
Հավերժի պատկերն ու անունը
փոխում ենք վայրկյանը մեկ.
Կանցնի, չմտածես, կանցնի:

Մի օր, երբ գանք սկզբնակետին՝
սնուցված այսօրվա տագնապով,
մեր բոլոր խոստումներ-պատքերը
իրենց դերը լիովին կկորցնեն:
Սիրելիս, չափավոր երջանկություն է,
չափավոր վախեր են, որ կանցնեն...

26/07/2011

***


Ես և ծառը ծերանում ենք հավասարաչափ.
բայց ծառը դրանից ողբերգություն չի սարքում
և ամեն աշնանամուտին
բանաստեղծություններ չի գրում տերևաթափի մասին:

Ես և ծառն ունենք ընդհանրություններ.
սիրում ենք պճնվել և գեղեցիկ լինել մահու չափ.
բայց ես թույլ չեմ տալիս,
որ պատահական մարդիկ
տապից հովանան իմ ստվերում:

Իմ ու ծառի միջև մի օր չի լինի ոչ մի էական տարբերություն`
առավելապես ձևի և բովանդակության տեսանկյունից.
Մենք պատվանդան կլինենք այլոց քայլերի և արմատների համար.
Բայց առայժմ
Ծաղկում ենք միասին,
Շփվում հազվադեպ`
Անտեղյակ միմյանց մտորումներին,
Աննկատ ու լուռ
Եվ չափազանց
կանաչ:

27/06/2011

Անշտապ հանգցրի

Անշտապ հանգցրի կարոտը հոգուդ.
ու շնչիս քամին սլացավ թեթև
գլխավերևով ծածանվող սիրուդ:

Հանգցրեց դանդաղ` ջերմ փաղաքշելով,
Որ չվնասվեն արմատներն ամուր`
Ուրիշ անձրևից զարթնելու համար:

Հարատևելու ճիգերը համառ
Տեղի տվեցին վերջնականապես
քնքշության դիմաց իմ հեռացումի:

Ու մարեց քամին ինչ-որ եզերքում`
իր հետ տանելով պատառիկները
քո այրված սիրո ծուխ-մոռացումի:

Այստեղ դու չկաս

Այստեղ դու չկաս:
Մարդկային հոգու բութ ծուլությունը
գործնականության դիմակ է կրում:

Գոյության ծաղկի թերթիկներն եմ թույլ
պոկում մեկ առ մեկ.
Այստեղ դու չկաս:

Եվ ապրող հոգու վազքի կարիքը
Դառնում է շարժման անհարկի աղմուկ:
Եվ ոչ մի նոր բառ իմաստության մեջ,
ոչ մի բառ պակաս:

Ես մոլորակը այս պիտի փոխեմ` գուցե ուրիշով.
Այստեղ դու չկաս: