27/06/2011

Անշտապ հանգցրի

Անշտապ հանգցրի կարոտը հոգուդ.
ու շնչիս քամին սլացավ թեթև
գլխավերևով ծածանվող սիրուդ:

Հանգցրեց դանդաղ` ջերմ փաղաքշելով,
Որ չվնասվեն արմատներն ամուր`
Ուրիշ անձրևից զարթնելու համար:

Հարատևելու ճիգերը համառ
Տեղի տվեցին վերջնականապես
քնքշության դիմաց իմ հեռացումի:

Ու մարեց քամին ինչ-որ եզերքում`
իր հետ տանելով պատառիկները
քո այրված սիրո ծուխ-մոռացումի:

Այստեղ դու չկաս

Այստեղ դու չկաս:
Մարդկային հոգու բութ ծուլությունը
գործնականության դիմակ է կրում:

Գոյության ծաղկի թերթիկներն եմ թույլ
պոկում մեկ առ մեկ.
Այստեղ դու չկաս:

Եվ ապրող հոգու վազքի կարիքը
Դառնում է շարժման անհարկի աղմուկ:
Եվ ոչ մի նոր բառ իմաստության մեջ,
ոչ մի բառ պակաս:

Ես մոլորակը այս պիտի փոխեմ` գուցե ուրիշով.
Այստեղ դու չկաս:

24/06/2011

Անտարբեր ու լուրջ

Շենքերը նորից իրար են նայում
անտարբեր ու լուրջ,
լուրջ ու անտարբեր.
Արձակուրդներից հին հագուստները
վերադառնում են`
նորից չմաշված:
Եվ մարդիկ էլի հագնում են դրանք,
Հագնում են դրանք լուրջ ու անտարբեր,
Եվ ինչ-որ մեկի կանչող հայացքին
պատասխանում են անտարբեր ու լուրջ:
Բայց այդ ամենը ինձ հետ կապ չունի,
Աշխարհը ու ես ապրում ենք իբրև
նոր հարևաններ.
Եվ զարմանում ենք միշտ հանդիպելիս,
Քմծիծաղում ենք` լուրջ ու անտարբեր:

22/06/2011

Հասարակական ժպիտը մի կողմ

Հասարակական ժպիտը մի կողմ`
ինչու՞ չտոնել տարեդարձը մեր
հավերժ տխրության.
Աշունն է գալիս բոլորին հայտնի ճանապարհներով,
վստահությունը կորչում է ինչ-որ անհայտ ուղղությամբ:

Ժամանակն այրեց ոտնահետքերը,
բացեց գրեթե մաքուր արահետ`
դեպի դարձելի 
հավերժությունը,
ներկեց սպիները բնական գույնով.
Սակայն ետ նայեց նորից աշունը`
Հզորությունը իր հիշեցնելով:

Ամեն աշնան հետ մի քիչ պարտվելով,
Իսկ ընդհանրապես` քայլելով առաջ
Գրեթե մաքուր իմ արահետով`
Նմանվեցի ես իմ ժամանակին,
Անտարբեր, հեգնոտ ու ներող դարձա.

Ես կորցրի քեզ իմ իսկ օրագրում,
Եվ փորձությանը դու չընդդիմացար
 

21/06/2011

Ինձ մի' մոռացիր...

Ինձ միմոռացիր
Ես մոռանում եմ ապրելը արդեն,
Ինձ եմ մոռանում մութ անկողնու մեջ
Ու հեռանում եմ լրիվ մեն-մենակ:
Ինձ միմոռացիր.
Ինձ թռչուններն են անգամ մոռացել
Եվ քայլերիցս էլ չեն խուսափում:
Ու հայելին էլ կույր է ձևանում,
Իբրև թե ոչ ոք չի կանգնած իր դեմ,
Եվ հայելու մեջ դեմքիս փոխարեն
Անձրև է միայն մեղմորեն կաթում:
Շնչառությունս չի լսում ոչ ոք,
Եվ ես ոչ ոքի էլ չեմ ներշնչում
Ինձ բարևելու ցանկությունը մեծ
Ու սառնություն կա իմ հայացքի մեջ,
Եվ իմ աչքերով աշունն է նայում,
Իսկ ես աշնանն եմ լուռ հյուրընկալում
Արևից փախչող երազներիս մեջ:
Գոնե դու հիշիր, թե ես մոռանամ,
Որ ես իսկապես ներկա եմ եղել,
Այդ հիմաեմ ես էությամբ աշուն,
Թե չէ աշունը ես շատ եմ սիրել