03/06/2011

Պոեզիա գրելուց առաջ

***
Պոեզիա  գրելուց առաջ,-
մոտավորապես ասում էր Հասմիկ Հակոբյանի
գաղափարախոսությունը,-
պետք է լվանալ ձեռքերը
և առհասարակ մոռանալ այն ամենն, ինչ գիտես
պոեզիայի մասին:
Մեղեդայնություն», «պաթետիկ թախիծ» և «ռիթմ»
նշվում են վերջին անգամ` ընդգծելու համար
սեփական անպետքությունը:)
Եվ ուրեմն, պոեզիա գրելուց հետո,
շարունակում էր գաղափարախոսությունը, -
պետք է պարզվի, որ ասելիքդ,
ասված է քմծիծաղով:

Մտմտում էի`
հիշելով երանությունը այն օրերի,
երբ պոետները ծնվում էին գյուղերում
ու ավարտում ծխական դպրոցներ,
երբ հարգանքից պապանձվում էր լեզուն,
ու երբ պոեզիան
հնչում էր պաթոսով,
ամենայն լրջությամբ:

Դրանից հետո
տարիներն անցան`
իրարից առաջ ընկնելով,
ու մինչ մեծանում էին բոլորը,
հավանաբար այդ ընթացքում
անդառնալի ինչ-որ բաներ եղան,
ու այլևս հոգնեցուցիչ է
պոեզիան
ռիթմիկ,
քնքուշ,
հուզական
ու պաթետիկ:

Այն, ինչ ես գրում եմ հիմա,
միանշանակ անվանվում է բանաստեղծություն`
համարժեքներից ոչ լավ ու ոչ վատ:
Ինչ կա որ:
Ուրեմն, ինչու՞ եմ տխրում ես այսքան:
Եկող հինգշաբթի
կարիք չի լինի,
որ աքաղաղը կանչի երեք անգամ,
գրական քննարկումը նորից
կվերափոխվի սուրճի սեղանի,
և մոտավորապես բոլորը կկիսեն
գաղափարախոսությունը
Հասմիկ Հակոբյանի:

2 comments:

  1. Հասմիկ Հակոբյանը իրոք էդպես ա մտածում, Նուն, թե ուղղակի բանաստեղծական վառ երևակայության արդյունք ա?

    ReplyDelete
  2. իրոք... թեև ինքը գուցե այլ ձևակերպում տար, բայց ասելիքը նույնն է :)

    ReplyDelete