«Հույսը»



Մուտքի խոսք
Էլդա Գրին

Կան բանաստեղծություններ, որոնք ընթերցելով դժվարանում ես կռահել` ով գրած կլինի` տղամա՞րդ, թե՞ կին: Նունե Լևոնյանի բանաստեղծություններից, սակայն, միանգամից զգացվում է, որ հեղինակը դեռատի աղջիկ է, որն ունի շատ նուրբ ու յուրօրինակ աշխարհըմբռնում: Սիրո զգացումը նույնպես նրա մոտ յուրովի է դրսևորվում: Նա կարողանում է սահմանափակ միջոցներով բանաստեղծական կուռ ու հստակ պատկերներ ստեղծել, որոնք արտահայտում են ոչ միայն հեղինակի տվյալ պահի տրամադրությունը, այլև կարող են ընթերցողին վարակել նույն տրամադրությամբ, ստեղծել ապրումակցում: Թեև բանաստեղծություններում բացասական բնութագրեր կամ սիրո օբյեկտին նվաստացնող արտահայտություններ չկան, ընթերցողը զգում է, որ հեղինակի հոգին շատ ավելի նուրբ կառուցվածք ունի և առավել խորն է իր ներաշխարհով, քան նրանը, ում նա սիրում է: Հեղինակը, ճիշտ է, ինքնախոստովանում է իր ծանր կացությունը, բայց խղճալի տպավորություն է թողնում ոչ թե ինքը, այլ նա, ով չի արձագանքում իր սիրո զգացմունքին: Աշխարհը, իրական կյանքը, բնության եղանակները հեղինակն ընկալում է իր սեփական «ես»-ի պրիզմայով: Ընդ որում, «ես»-ը երբեմն երկատվում էԽավարն ավելի լուսավոր է միշտ, քան լույսը ինքը», «Պատուհանից դուրս արևն է սկսվում»): Վերջին բանաստեղծության մեջ պատկերավոր ձևով այն միտքն է արտահայտվում, որ մի կողմից զգացումը կարող է լինել շատ լայն, ընդգրկել աշխարհը և ընդհանրացվել` դառնալով համամարդկային, իսկ մյուս կողմից` սեղմվել, դառնալ խիստ անձնական պայքար` սեփական պատուհանի նեղլիկ ապակու ներսում:
        Իր բանաստեղծություններում Ն. Լևոնյանը բնությանն անդրադառնում է ոչ ամենևին նրանով հիանալու նպատակով. բնությունն օգնում է նրան` համատեղ խորհելու շրջակա իրականության, կյանքի, մահվան շուրջ: Եվ բնությունն անբաժանելի է հեղինակից («Երբ բացվի մի օր երկինքը գարնան»): Երբ հեղինակը ջանում է հավաստել, որ որ այլևս ետընթաց չկա ու ինքն արդեն հանգիստ է, միևնույն է, նրա բառերի խորքում կրկին անհանգստություն է տրոփումԱնձրևանոցի նուրբ ճաղերի տակ»):
        Բանաստեղծությունների շարքը հեղինակը ներկայացրել է ժամանակագրական կարգով: Դրանք խիստ անձնականից, երբ սիրած էակին տվել է իր ողջ քնքշությունը, անցում են կատարում դեպի ընդհանրականը, որը մերթ իմպրեսիոնիստական բնույթ է կրում, մերթ էլ բանաստեղծության մեջ ներգրավված իրերը, բնության տեսարանները, հոգեվիճակիները կազմում են զարմանալի սյուրռեալիստական շուրջպար:
        Հուսով եմ, որ սույն ժողովածուի մեջ զետեղված բանաստեղծություններն արժանի արձագանք կգտնեն ընթերցողների շրջանում և երկխոսությունն էլ նրանց ու հեղինակի միջև կշարունակվի:    

**********************************************************************************
Գիրքը նվիրում եմ ինձ մշտապես քաջալերող մորս
 

***

Թվում էր` մեռնում եմ
Մութ աղջամուղջում,
Կորչում էին հույսի
Թելերը վերջին,
Երբ մի շրշյունով
Օրվա մշուշում
Հին երազներս
Հանկարծ զարթնեցին:

***

Օրը խաղաղվեց.
Անձրևի նման
Իր մահկանացուն
Կնքեց և քամին.
Եվ Աստված տա, որ
Ես զոհ չգնամ
Նոր սատանայի
Խարդավանքներին:
1998

***

Փակում եմ աչքերս և սկսում տեսնել
Ծանոթ-անծանոթ մտերիմ մարդկանց,
Սկսում եմ տեսնել դեմքեր հեռավոր
Եվ դժվարանում եմ ճանաչել նրանց:
Եվ դժվարանում եմ ճանաչել նրանց,
Չեմ կարող հիշել ձայնի մեղեդին.
Օ¯, ես մենակ եմ, տխուր եմ այնքան.
«Խնդրում եմ, օգնեք ինձ»,- դիմում եմ մեկին:
Անորորշ ժպիտով նայում է նա ինձ,
Ու չի հասկանում դժբախտիս լեզուն.
Բացում եմ աչքերս, և ահա նորից`
Դառը ու անձայն, խուլ դատարկություն:  

***

Իմ նոր բարեկամ.
Ի¯նչ լավ է, որ դու
Չես կարողանում ասածս լսել,
Որ չես հասկանում ապրումները իմ,
Չես կարողանում հույզերս կիսել:
Օ¯, ես անչափ եմ անցյալում տանջվել.
Դու ծիծաղում ես խոսքերիս վրա,
Եվ արժեք չունի սրտիս գաղտնիքը,
Որ քո հոգուն եմ նվիրում հիմա:
Նայում եմ ես քո փայլող աչքերին
Ու մտածում եմՑնդել է հաստատ»,
Ու ձեռք քաշելով իմ հոգու ցավից`
Ինքս եմ սկսում ծիծաղել վրադ:
Այն, ինչ երեկ էր, այսօր չի լինի,
Թեկուզ հուշերը հարություն առնեն:
Եթե խոսում եմ, ու չես լսում ինձ,
Ուրեմն ցավս մեռել է արդեն:

***

Երբ բացվի մի օր երկինքը գարնան,
Եվ դու չլինես,
Երբ մարդիկ մի օր հանկարծ հասկանան,
Որ դու էլ չկաս,
Կնայեն երկինք ու կնկատեն,
Որ արև չկա պայծառ երկնքում,
Եվ որ գարունը ժպիտ չի բերել,
Որ գարունը էլ չի լինի գարուն:
Անհուն կարոտով կլցվեն նրանք,
Իսկ ես եռանդով կմխիթարեմ.
Իմ վիշտն այդ վշտին նման չի լինի.
Ես այն ապահով տեղում կթաղեմ:

***

Օ, մարտի վերջին սպիտակ փաթիլներ...
Արտասվող կնոջ արցունքների պես,
Որ հաջորդում են մի պահ դադարին`
Ազդարարելով ավարտը լացի:
Այնքան տխուր է վերջին ճիչը քո, հոգնած իմ ձմեռ:
Քո փաթիլները խելագարի պես
Նետվում են գետնին` լուռ խուսափելով
Տեսնել ծառերի բողբոջը կանաչ:
Իմ սպիտակ փաթիլ.
Ինչու՞ ես այդպես եռանդով թափվում
Եվ ու՞ր ես շտապում.
Կարծես թե սպիտակ գորգ ես լինելու
Դու վաղը` փռված իմ ոտքերի տակ,
Հյուրընկալ սպասող նոր փաթիլներին:
Դու լոկ կլինես մի անգույն հեղուկ,
Տխուր կճողփաս դիմացի մայթին,
Եվ քո ոլորքով կքայլեմ հոգնած`
Ռիթմիդ հանձնելով սրտիս մեղեդին:
Եվ երգդ թախծոտ հոգիս կհուզի,
Թեև գարունը կբուրի օդում,
Կարոտը ցավով ինձ կհիշեցնի
Քո խաղը ձմռան սպիտակ երկնքում:
Արևը արդեն ջերմացնում է ինձ,
Արևը արդեն կյանք է խոստանում,
Իսկ դու այդպես էլ թափվում անհանգիստ
Ու հողի վրա հանգիստ չես գտնում:
Սիրտս գերբնական մի թելադրանքով
Խելագարվում է գարնան երգի հետ,
Չես պատկերացնի` որքան եմ տենչում
Փոխել այդ երգը քո մեղեդու հետ: 

***

Քո աղքատ հոգուն էլ չեն սնուցում
Պատրանքները`գորշ ու մտացածին,
Եվ արցունքներդ կաթիլներ չեն էլ,
Դրանք բառեր են, որ դու ասացիր:
Անիծվի¯ պահը, որ ապրում ես դու...
Ոգու սովի մեջ տառապում է լուռ
Քո սիրտը` քաղցած ու վտարանդի,
Անապատի մեջ տեղդ չես գտնում,
Դատարկության մեջ դառնում վայրենի:
Իսկ աստղդ` անվերջ վառվող մի կրակ,
Թափառում է մեծ երազանքներում.
Եվ դու չգիտես, թե ուր է հիմա,
Ինքն էլ` թե երբ  է վերադառնալու:

***

Ոչինչ չի փոխվել. միայն անձրևն է
Ու նրա ձայնը` պատուհանից դուրս:
Իմ ֆիզիկական ուրվագծերը
Սկսում են կորչել աստիճանաբար.
Տեղափոխվում է հեղեղն անարգել
Դրսից հոգուս մեջ. անձրևը վարար
Տեղում է արդեն իմ մարմնի ներսում:
Ներխուժում է իմ թափանցիկ գլխով,
Սրտիս վրայով հոսում  մինչ գետին.
Շոյում, լվանում ճանապարհը իր`
Սրբագործելով հոգուս մեղեդին:
Հագուստս, ահա, թրջվել է արդեն
Ներքին անձրևից. տարրալուծվել եմ,
Խառնվել արդեն այս մեծ տարերքին,
Ու անձրևի հետ ես ինքս եմ տեղում`
Փողոցում, բակում, մռայլ մայթերին:
Ու կարծես հիմա հասկանում եմ ես,
Թե ինչու ջրով մկրտվեց Հիսուս.
Ոչինչ չի փոխվել. միայն անձրևն է
Ու նրա ձայնը` պատուհանից դուրս:
2003

***

Տաքսին կլանեց վերջին անցորդին.
Անիմաստ դարձավ երկինքը խավար,
Եվ մեռնող աշնան քամու թռցրած
Վերջին տերևն էլ անիմաստ դարձավ:
Մի սարսուռ անցավ փողոցի մարմնով.
Ինչ-որ մի հեքիաթ շարունակվելու
Ցանկություն հայտնեց նրա ականջին,
Բայց տաքսու ստվերը սահեց մայթերով`
Ողբալով կյանքի կորուստը վերջին:
Ամեն ինչ վերջին, վերջին ու վերջին,
Ու վերջին անգամ կատարվեց հիմա,
Բայց անմահության փայլով ցոլացին
Աստղերը դատարկ մայթերի վրա:

***

Կապույտ երեկո, կապույտ պատուհան,
Կապույտ փողոցներ` փոքրիկ քաղաքում:
Կապույտ հորիզոն, կապույտ ճանապարհ,
Կապույտ արցունքներ` քո սև աչքերում:
Դու չգիտեիր, դու չէիր սպասում,
Որ քո խենթ հոգին մի օր կսուզվի
Կապույտ երկնքի թախծոտ երգի մեջ,
Մթնշաղի մեջ կապույտ երկնքի:
Ես քեզ ու՞ր փնտրեմ. կապույտ փողոցու՞մ.
Կապույտ ծառերի ճյուղերու՞մ բարակ,
Թե՞ այգիներում` երկնքի պես մով,
Թե՞ երկնքի մեջ` այգու պես մռայլ:
Ես չհասցրի թաքցնել քեզնից
Կապույտով պատվող պատուհանդ լայն,
Եվ այն սենյակում, ուր ապրում ես դու,
Հիմա անմարմին կապույտ է միայն:

***

Ասում են` սերը թևեր է տալիս,
   Բայց իմ թևերը սերն ինքը կոտրեց:
Ասում են` սերը մեզ ուժ է տալիս,
   Երբեք ավելի թույլ չեմ եղել ես:
Ասում են` սերը կյանք է ու փարոս.
   Մինչ սերը կյանքս «կյանք» էի կոչում,
Իսկ հիմա միայն մահ է ու քաոս,
   Ու խավարում են օրերս կորչում:
Ասում են` սիրով ճախրում ես երկինք
   Ու ապրում այնտեղ. քեզ հետ է Աստված.
Ես նայում եմ վեր. երկինքն ինձ համար
   Պաստառ է անանց` պատին փակցված:
Իսկ Աստված ինքը մեռել է իմ մեջ,
   Ու ես Նրա մեջ այլևս չկամ:
Ու քայլում եմ ես ամռան փողոցում`
   Սառչելով ցրտից հավիտենական:

***

Հոգուս խավարում ինչ-որ բան ցնցվեց,
Ու խարխափելով շարժվեց մի երակ,
Հազիվ լսելի հեռվում թևածեց
Ծանոթ թվացող մի պարեղանակ:
Թունելի վերջում մի լույս ծիկրակեց
Եվ ոչ թե պատրանք. թեկուզ և` աղոտ.
Երևի մի օր երկինք էր հասել
Բարձրաձայն չասված թաքուն մի աղոթք:

***

Ուզում եմ հիշել քո աչքերը մութ`
Որպես անցյալի մասունք անմոռաց:
Ու դեմքդ տեսնել միայն թերթելուց
Իմ հին ալբոմի էջերը մաշված:
Միայն թե չապրե¯լ, չապրե¯լ քեզանով,
Չապրե¯լ աչքերիդ փայլով մոգական,
Չսիրե¯լ այսքան քո ժպիտը մութ,
Ու ծիծաղը քո չսիրե¯լ այսքան:
Դարձնել քեզ պածառ մի հիշողություն,
Հանել ներկայից, անցյալում փակել,
Ուզում եմ հանկարծ քեզ հանդիպելիս
Ժպտալ լիասիրտ, ոչ թե արտասվել:

***

Նորից փոթորիկ բարձրացավ ծովում,
Ու նորից հոգիս քեզանից կառչեց.
«Ես քեզ սիրում եմ»,- տնքաց իմ հոգին,
Բայց իրականում էլ չէր սիրում քեզ:
Թիավարելով անհայտ ուղղությամբ
Եվ չիմանալով, թե ուր եմ գնում`
Փախչում էի ես քո խենթ փարոսից,
Որը ինձ դեպի խավար էր տանում:

***

Սիրտս երգում է միայն քեզ համար,
Բայց դու իմ կողքին չես լինի երբեք:
Ուրախ երեկո, անձրև ու զբոսանք,
Բայց դու իմ կողքին չես լինի երբեք:
Բազմազբաղ մարդիկ, անվերջ փողոցներ,
Բայց դու իմ կողքին չես լինի երբեք:
Անկյունում սպասող իմ ընկերուհին.
Բայց դու իմ կողքին չես լինի երբեք:
Տաք լոգանք ու թարմ օճառի բուրմունք,
Ռադիոյով հնչող սիրտ մաշող մի երգ,
Սառը սուրճ. հանկարծ հույզերի պայթյուն.
«Բայց դու իմ կողքին չես լինի երբեք»:
Ու ինչ-որ մի տեղ մոռացված մանրուք,
Մի ինչ-որ «ոչ այն», ինչ պիտի լիներ,
Անուշադրությամբ գործած սխալմունք.
Եվ դու իմ կողքին չես լինի երբեք:

***

Վերադարձ դեպի քեզ... անարցունք ապրումներ
Ու անկյանք գոյություն, անիմաստ մի երազ:
Եվ կամ այլ ընտրություն. ցանկալի սպասումներ,
Անորոշ ճանապարհ` նոր կյանքին համընթաց:
Չգիտեմ ես բնավ, թե որտեղ ծվարել,
Ո՞ր ուղին ինձ պաշտպան կկանգնի ցավի դեմ.
Ապագա՞ն իր մռայլ, անորոշ գույներով,
Թե՞ անցյալը, որ ինձ ձանձրացրել է արդեն:
Ափսոսանք, տառապանք կվանեմ իմ սրտից,
Ես պիտի այսուհետ նոր ուղով ընթանամ.
Եվ դու միկանչիր ինձ օրագրիս էջերից,
Քո ձայնին ես պիտի դիմանամ, դիմանամ...

***

Հոգնել եմ այսպես անմիտ ապրելուց,
Մենակությունից, ցավից եմ հոգնել,
Իմ դատարկ հոգին քեզնով լցնելուց,
Այս անվերջ ու կեղծ լացից եմ հոգնել:
Ու ես մոլեռանդ նկարչի նման
Ինքս ինձ համար կյանք եմ նկարում,
Մի կտավ, որին չեն դիպչում ներկեր,
Եվ գույներ չկան ներկապնակում:

***

Երբ մի պահ էլ ոչինչ չհուզի քեզ կյանքում,
Ու թվա, թե հոգին քո մեռել է արդեն,
Միկարծիր, թե ապրելը հաճույք էր միայն,
Կորուստները քո նոր աչքերդ կբացեն:
Ու կզգաս, թե որքա¯ն դու դեռ ողջ ես, անմիտ,
Դեռ որքա¯ն կյանք կա, որ կարելի է կորցնել,
Եվ որ վերջ չունեն քո կորուստները անթիվ,
Եվ որ քեզ մինչև վերջ անհնար է սպանել:
Պատառիկը հոգուդ կսպասի հաջորդին,
Այն հաջորդ հարվածին, որ, անշուշտ, կստանաս.
Դու ապրիր մինչև վերջ, իսկ պատճառը ցավի,
Հույս ունեմ, թե մի օր ինչ-որ կերպ կիմանաս...

***

Որքան հեռուն եմ նայում, սիրելիս,
Այնքան հեռու է թվում իմ ճամփան,
Այնքան անարվեստ և խուլ է թվում,
Որքան նայում եմ, իմ մութ ապագան:
Սպասիր ինձ այնտեղ` իմ վաղ անցյալում,
Քեզ մոտ եմ գալիս` ոչինչ չպարզած,
Քեզ նվեր չունեմ իմ պաղ ներկայից,
Ձեռնունայն, դատարկ` գալիս եմ հոգնած...
Եվ ոտքերիս տակ չկա ամուր հող,
Քամին ձմեռ է իր հետ բերելու,
Պատսպարվում եմ իմ տաք անցյալում,
Քանզի ապագան ցուրտ է լինելու...

***

Ես գիտեմ` ինչու դու հայտնվեցիր.
Որ քեզ նայելով` իմ սիրտը երգի:
Ես գիտեմ, թե դու ինչու հեռացար.
Որ սրտիս երգը էլ չդադարի:
Ես գիտեմ` ինչու ինձ նկատեցիր.
Որ չլինի, թե` ես քեզ մոռանամ,
Եվ գիտեմ` ինչու ինձ չսիրեցիր,
Որ իմ երգերը մի քիչ դառնանան:
Ու գիտեմ  նաև` ինչու ես գնում.
Բայց էական չէ. դե, բարով գնաս.
Բայց ես շահում եմ մեր բաժանումից,
Դու գնում ես, որ միշտ ինձ հետ մնաս:

***

Հասարակ ես դու... այդ ես եմ քո մեջ
Ինքս ինձ համար իմաստ որոնում,
Այդ ես եմ քո մեջ խենթացնում հոգիս,
Ու պատկերիդ մեջ իմ սերը գտնում:
Քո գեղեցկության, ժպիտի, ձայնի,
Ամենի համար ինձ եմ շնորհակալ.
Չհորինեի` չէիր հանդգնի
Դու լինել երբեք այդպես կատարյալ...

***

Ես հորինել եմ շքեղ մի հեքիաթ,
Որի հերոսը նվաճում է քեզ,
Ընդ որում` շատ հեշտ ու անքննադատ,
Ինչպես քեզ երբեք չէի նվաճի ես:
Եվ երբ երազը հրաշք է դառնում,
Հերոսս հանկարծ սկսում է տխրել,
Հիշում է հանկարծ գոյությունը իմ
Ու հոնգուր-հոնգուր սկսում արտասվել:
Եվ փուլ է գալիս հեքիաթն իմ շքեղ,
Կյանքի պատկերը` թոշնում, գունատվում,
Իսկ դու անարդար ու միշտ անտարբեր,
Ուրիշին սիրող տղա ես դառնում...

***

Պատուհանից դուրս արևն է սկսվում.
Նա իմ ժպիտի ջերմ նմանակն է:
Ցնծում են մարդիկ պատուհանից դուրս,
Պատուհանից դուրս իմ հաղթանակն է:
Պատուհանից ներս տխուր սիրտ է իմ,
Օրերով գրված իմ պատմությունն է,
Եվ մութ սենյակը` փոշոտված ու հին,
Սենյակի ներսում իմ պարտությունն է:
Մի շերտ ապակի` փոքրիկ մի վահան,
Այդ աշխարհների արանքում կքած,
Եվ մի կերպարաք, որ շրջում է լուռ`
Անձայն ու անդեմ` աշխարհից աշխարհ,:
Սուտ է ապրելը այդ աշխարհներում.
Միակ կյանքը, որ գոյություն ունի,
Պայքարն է նեղլիկ ապակու ներսում`
Մի շերտ ապակու` իմ պատուհանի:

***

Անիմաստ մտքից ու դատարկ հոգուց,
Դառնահամ կյանքի մութ ճամփաներից,
Խավար անհայտը տանող ինձ ուղուց,
Մարող հույսերի վախճանի ահից,
Ու չճաշակած տենչից վայելքի,
Չճաշակելու վախից կարկամած,
Խոսքերից անհամ ու թարմ վերքերից,
Անվերջ տոկալուց` անուժ, բայց պատրաստ,
Երկար փնտրելուց ու միշտ գտնելուց,
Երազում միայն և ոչ արթմնի`
Ձանձրացա մի օր և սիրեցի քեզ
Սիրով, որ արժեք այլևս չունի...

***

Տանջվում եմ արցունքների պակասից:
Տանջվում եմ, որ չկա տառապելու առիթ,
Ոչ էլ հառաչելու կամ հոգոց հանելու.
Որ ոչինչ չկա, բացի դատարկությունից:
Ոգու սովի մեջ եմ, ոչինչ չունեմ:
Աղքատ եմ հոգով:
Երանի ինձ` Հիսուսի կարծիքով
Եվ հակառակ մարդկային բոլոր օրենքների:

***

Խավարն ավելի լուսավոր է միշտ, քան լույսը ինքը:
Աչքերը բաց են մնում խավարում,
Ցերեկվանից վառ սկսում են տեսնել
Իրերն ու դրանց ներքին կողմերը:

Սարսափելի է խավարի գրկում մենակ լինելը:
Մինչ արեգակի պայծառ շողերում
Արտացոլանքդ ջերմ ժպտում է քեզ հայելու միջից,
Գիշերվա կեսին կասկածող մեկը
Լապտերով ասես հոգիդ է զննում
Ու գոհ չի մնում երբեք գտածից:

Բայց ճշմարիտը խավարն է հենց միշտ:

Երբ առավոտվա շեկ վարսերի մեջ
Ծիածանի յոթ գույները խամրում, դառնում են դատարկ,
Այն աստվածային աչքերը մարդու
Կրկին վաղորդյան ակնոցն են կրում,
Աշխարհը տեսնում մարդկային ոճով.
Բոլորի նման, կրկնօրինակող.
Կարմիրը կարմիր, սևը սև տեսնող,
Ու չնկատող այն համատարած
Սպիտակը` բոլոր գույների հիմքում,
Որը խավարից ծնունդ է առել
Ու պիտի մեռնի նույն այդ խավարում:

Խավարն ավելի լուսավոր է միշտ,
Եվ դու ազատ ես խավարի գրկում.
Ոչ թե աշխարհն է նայում ակնապիշ,
Այլ դու ինքդ ես աշխարհին նայում:

***

Ես վատ վարվեցի իմ առջև դրված սպիտակ թղթի հետ.
Հոգուս տոպրակը վրան շրջեցի, ու տապանաքար
                                                    դժբախտը դարձավ:
Դե, դատարկեցի ինչ որ այնտեղ կար`
Իմ ընկերոջըª իրեն շատ սազող իր մականունով,
Նրանից կառչած պատմությունները` արդեն անալի,
Չշարունակված (ավա¯ղ) հուշերը,
Անեկդոտները, վախը, ցավերը,
Փառասիրական նկրտումները,
Ինքնագովեստը, մտքերի խաղը,
Ու կասկածաբեր այսօրվա «վաղը»:
Այլ շլակների լայն տեսականին.
Գլուխ ցավեցնող կատակները հին,
Ծամած-շպրտած, նեխածի բույրով
Շպարված իմ հին լավ ծանոթներին
Ու չբարևող բարեկամներին:
Անձրևից թրջված երգ-նվագները,
Գլխացավերը, սրտխառնոցները,
Ընդմիշտ անավարտ ցանկությունները,
Ու բոլոր փոքրիկ այլ տոպրակները,
Որոնց մեջ ինչ կար` նույնիսկ չգիտեմ...
Տոպրակը սպառվեց. բայց երազները,
Հույսը, Հավատը, վերջապես` Սերը,
Տոպրակի մեջ են դեռևս ապրում,
Թափահարեմ էլ, մեկ է, չեն թափվում...

***

Ես անկեղծ սրտով ուզում եմ ասել քեզ. Ցտեսություն,
Ես անկեղծ սրտով ուզում եմ արդեն քեզ համար մեռնել,
Ես գիտեմ, անշուշտ, որ ես քեզ համար բնավ չեմ եղել,
Բայց մաքուր խղճով ուզում եմ ասել քեզ.  Ցտեսություն:
Դե, բարով մնա, իմ մեծն մուսա,
Երաժշտություն իմ խենթ երգերի,
Եթե սիրտս ինձ նույնիսկ չների,
Պատկերդ տեսնել հաստատ չի հուսա:
Ես հեռանում եմ, թող բարով գնամ.
ճանապարհս արդեն ընթացք է ստացել,
Իսկ դու մենակ ես ընդմիշտ մնացել,
Թեև այդ մասին չես էլ իմանա...

***

Դարն ապրեց քո մեջ դեռահասը այն,
Ով աղոթքի մեջ անեծք էր լսում,
Ով չարանում էր աստվածների դեմ,
Ու սատանային զոհեր մատուցում:
Տառապանքների քառուղիներում
Երկար թափառեց քո ըմբոստ հոգին,
Մինչև ձանձրացան չարքերը բոլոր
Ու կորուսյալիդ հանգիստ թողեցին:
Եվ դարեր կանցնեն, մինչ այդ պատանին,
Որ աթեիստի սիրտ ունի հիմա,
Որպես շղթայի օղակը վերջին`
Իր աստվածների գիրկը կդառնա:

***

Ձմեռը մտնում է ռունգերիցս ներս:
Փրկություն չկա:
Ու ես ոչ մի գիրք չեմ կարողանում մինչև վերջ կարդալ:

Ձմեռն անցնում է երակներովս:
Փրկություն չկա:
Որ գիրքը բացում եմ` նույն բանն է գրված և նույն բառերով:

Հոգուս ջերմությունը տեղի է տալիս.
Փրկություն չկա:
Ես իմ իսկ գլխի գիրքն եմ ընթերցում բոլոր գրքերում,
Որը ձմեռն է...  հեղինակել:
Փրկության մասին խոսք անգամ չկա:

***

Մետրոյի մթին կայարաններում
Սևով գունաթափ սպիտակի վրա
Գրված է հնի բույրը արձակող`
                                  «Ելք դեպի քաղաք»:
Բարձրանում ես վեր, ևս մի անգամ
Բախվում կյանքի հետ. նորից`
                                          «Ելք չկա»:
Այլևս ի՞նչ է մնում անելու,
Երբ ձնանման թաց կաթիլներով
Երկինքն է նույնիսկ թքում քո վրա...

***

Ես գրել գիտեմ.
Ես կորուստները հայտնագործության
                                      վերածել գիտեմ:
Ես տառապանքից զարդեր պատրաստել
                                        ու կրել գիտեմ:
Ես երգել գիտեմ:
Բայց կորցրածը ետ վերադարձնել,
Մահ դարձող կյանքում լռել Աստծո դեմ
Ու չսիրողին, անտարբեր մարդուն
Սիրով վարակել, ցավոք... չգիտեմ:

***

Սպիտակ միջօրե
Եվ սպիտակ սարսափ:
Երկինքն իջել է քաղաքի վրա:
Մարդիկ քայլում են` բանից անտեղյակ,
Երկնքից կառչած դրախտի միջով:
Անելանելի լաբիրինթոսներ.
Շղթայված քաղաք
Ու շղթայակապ մարդկային հոգի:
Անորոշություն, տագնապ ու կասկած,
Կամ տեսողության
Պատրանքայնություն...
Ինչ-որ աղետի սուր կանխազգացում,
Փախչելու կարիք
Եվ ճանապարհի
Բացակայություն:
Սպիտակ խավար.
Երկնային կատակ-նախազգուշացում.
Զորեղ մի հնար`
Շանթահարելու սև խավարի մեջ
Մինչև վերջ խրված
Երկրային մարդուն...
******************************************************
Երկինքը նորից իր տեղը գնաց,
Փողոցի մարդիկ խիստ պակասեցին:
Երևի նրանց լավագույն մասին
Երկինքը գրկեց ու իր հետ տարավ:
Երկինք ու երկիր նորից հեռացան,
Նորից անջրպետ` խեղդող ու անանց:
Մնացած մարդիկ ցավով հասկացան`
Այս անգամ նույնպես չի ներել Աստված...

***

Անձրևանոցի նուրբ ճաղերի տակ
Մազերս չոր են:

Երազանքներս մեռնում են անշտապ
Ու հեռանում են անգլիական ձևով:

Ես ուրախ եմ: Ես ոչինչ չգիտեմ
Իմ վաղվա մասին:
Անձրևանոցը դեռ պե՞տք է գալու,
Ի՞նչ եմ անելու առանց երազանք,
Ապրելու՞ եմ դեռ:

Չիմացությունը ինձ դուր է գալիս,
Անտեղյակության սպասումների մեջ`
Մի նոր երազանք...
Կյանքը սկսում է հետաքրքրել...

***

Իմ ընկերների վերջին հավաքին
                                         չմասնակցեցի:
Վախենում էի բամբասանք լսել:
Եվ տանն եմ հիմա` հանգիստ ու ազատ,
Սակայն ոչ մի կերպ չի ստացվում քնել:
Դռան հետևից ձայներ են լսվում,
Բայց դուռը ու՞ր է` ինքս էլ չգիտեմ:
Փնտրում եմ երկար ու եզրակացնում.
Անհասկանալի ծագում ունեցող
Բոլոր իրերի նման այս դուռն էլ
Տեղավորված է իմ գլխուղեղի
Ուղիղ կենտրոնում...
Այո, ինչպես միշտ...
Ու ճարահատյալ` ականջ եմ դնում
Ներսի ձայներին:
Օ¯ զարմանք. ծանոթ ձայներ եմ լսում.
Ընկերներս են խոսում իմ մասին:
(Իմ իսկ ուղեղում. ի¯նչ հանդգնություն...)
Ասում են` լավն է, բայց հոգի չունի,
Կամ` խելացի է, բայց շատ է խոսում.
Եվ ծավալվում է զրույցն իմ մասին,
Գետի ջրի պես հոսում է, հոսում...

Սարսափում եմ ես, բայց անհնար է
Վռնդել նրանց իմ գլխուղեղից.
Սեղանի շուրջը բազմել են շուքով
Ու չեն էլ շարժվում իրենց տեղերից:
Բղավում եմ ես բոլորի վրա.
«Դուրս եկեք, դրսում նույն բանը ասեք»:
Նրանք չեն գնում:
Որոշում եմ ես:
Ինքս կգնամ:
Չէ՞ որ ես նույնպես գոյություն ունեմ
Նրանց բոլորի ուղեղների մեջ:
Կգնամ այնտեղ և նույն աղմուկով
Պատասխան կտամ:
Ու հաջողում եմ` հակառակի պես:

***

Այսպես պայքար է գնում մտքերի
Մութ գիշերվա մեջ մեր հոգիներում,
Իսկ առավոտյան հանդիպում ենք մենք,
Հուդայի նման համբուրվում, ժպտում...
2005

***

Իբրև թե ձմեռ...
Մի քանի փոշոտ,
Ձյունածածկ հատված` տանիքի վրա:
Եվ այդ նույն փոշին` քո մազերի մեջ,
Քո փակ աչքերում, հագուստիդ վրա:
Մի հիմար ձմեռ` առանց ձմեռվա
                                          չափանիշների.
Եվ հոգուդ մեջ էլ` իբրև թե ձմեռ...
Անտեղի ապրած մի քանի ամիս:
Ներաշխարհ գալով, ինչպես դրսից տուն`
Մեկ բաժակ թեյ էլ չես ուզում նույնիսկ...

***

Լեզուս զարմացավ հաճելիորեն
ծամոնի համից:
Եվ բաց դարչնագույն ռետինե գունդը
վառ գունավորեց
իմ էության մեջ
փորված անցքը մեծ:
Փոքր ժամանակ ես փորձում էի
այդ անցքը լցնել
սիրած գրքերով:
Հետո սկսեցի Աստծուն որոնել,
որ զոռով Նրան
անցքում ապրեցնեմ:
Բայց չուզեց Աստված...
Հետո սկսեցի (մինչև վերջերս)
Ինչ-որ արարած
փնտրել իմ հոգին
լցնելու համար...
Արարածը այդ Աստծուն նման չէր,
Եվ համաձայնեց
Ապրել իմ հոգում` անցքը փակելով:
Հետո զգացի, որ նա անցքում չէ.
Տեղավորվել է աքնցքի պատից դուրս`
Նեղություն տալով հոգուս մնացյալ
                                   բաղադրիչներին.
Եվ ես հասկացա, որ անցքը հոգուս
չի փակվի երբեք:
Այլ հակառակը, միշտ կմեծանա:
Այդ տեղը Աստված հատուկ է թողել`
Որպես դատարկ տուփ ոչնչի համար:
Եվ այդ տուփը մեզ խանգարում է միշտ,
Մանավանդ աճող իր ուրվագծով...
Եվ պատկերացրեք` որքան եմ ուրախ,
Որ մի դարչնագույն փոքրիկ ծամոնով
Այդ ողջ տարածքը երանգավորվեց...
Եվ ամբողջ հոգիս դարձավ դարչնագույն,
Եվ մի պահ, թեկուզ, կատարյալ ու ճիշտ
                                              թվաց ամեն ինչ...

***

Խռովված հոգիս արծվի թևերով
Սավառնում է` թաց պատուհաններին
Նետելով շողքը արծաթե ցավի:
Կղմինդրներին չի հանգրվանում,
Ու չի ջերմացնում արևը նրան,
Ոչ ծիածանը անձրևից հետո,
Ոչ թարմ երեկոն` հաջորդող դրան:
Մի ամողջ տարիք ապրել ճախրելով...
Ու չիմանալով ո՞ր մեղքի համար,
Օդում էլ հալչել րոպե առ րոպե,
Բայց չիջնել երբեք ասֆալտի վրա:
Քայլելու համար նա հպարտ է շատ,
Թռչելու համար ուժ չունի արդեն,
Եվ ծիածանը անձրևից հետո
Չի դառնում երբեք կամուրջ-ապավեն...
Կաշկանդող մարմնում` սանձ չճանաչող
Օդեղեն ոգի. մահացող մարմնում`
Ոգի մի անմար.
Աստված որդի մեջ թռչուն է դրել`
Այլասերումն այդ
Անվանելով մարդ...

***

Ես քեզ էի հիշում. առջևից եկող
Մաշված շորերով ծերունին կարծեց`
Իրեն եմ ժպտում, ու զվարթացավ:
Շնորհակալ եղավ քեզնից ծերունին,
Թեև տեղյակ չէր պատմությանը մեր,
Թեև չգիտեր` ոչ մի պատմություն
Չի եղել բնավ. այլ ես եմ միայն
Ինչ-որ անհեթեթ նովել մոգոնել,
Որի շնորհիվ ծերունին աղքատ
Ուրիշին ուղղված ժպիտ վայելեց...
Շնորհակալ եղա ես էլ ծերունուն,
Որ իմ նովելի թելերը մի պահ
Միահյուսվեցին նրա ուղեղում,
Որտեղ ինձ ու քեզ միասին տեսա,
Եվ իմ երազը իրականություն
                                   թվաց ծերունուն:

***

Եթե իմ հոգու ատելությունը
Փոթորիկ դառնար քաղաքի վրա,
Նա կկործաներ այն փոքրիկ տունը,
Ուր դու ապրում ես ուրիշի համար:
Նա քարը քարին չէր թողնի կանգնած,
Փոշու ամպի մեջ կառներ ամեն ինչ,
Վայրի պտույտից նրա խելագար
Քո ջերմ անկյունում չէր մնա ոչինչ:
Ու չմեղմացող նույն մոլեգնությամբ
Կավերեր նա մեր քաղաքը ամբողջ,
Որ փողոցներով էլ չքայլեին
Միայնակ մարդիկ` սիրուց տառապող:
Ու հետո նորից կվերադառնար,
Կապրեր սրտիս մեջ իբրև լռություն,
Թեկուզ մինչ ի մահ «թախիծ» անվանվեր,
Բայց գտներ գոնե կեղծ խաղաղություն:
Բայց իմացիր դու. առաջվա նման
Այդ փոթորիկը ինձ է քայքայում,
Եվ հենց այս պահին քաղաքում հիմա
Նորից միայնակ մարդիկ են քայլում:

***

Ոսկե անտառում այդ աշունը չէր...
Բոցավառվում էին ծառերը հրե,
Ու ճիչ էր լսվում նրանց հրդեհից.
«Վերջ տուր մեր կյանքին
                                 կամ օրհնիր մեզ, Տեր»:
Ու քուլա-քուլա սև ամպերի հետ
Աղաղակը այդ երկինք էր հասնում,
Բայց Աստված կարծես բացակա լիներ,
Բայց Աստված կարծես չապրեր երկնքում:
Եվ մինչև վերջին արմատը հողի
Բողոքի կոչը ծխի վերածվեց.
Այրվեց և Աստված ողջ անտառի հետ,
Քանզի Նա միշտ էլ այնտեղ էր ապրել:
2006

Հույսը

Մի օր հոգնած գնում էի, մել էլ հանկարծ ճանապարհիս հանդիպեցի Հույսին:
-  Ես քեզ պե՞տք եմ, - հարցրեց նա:
Ես չլսելու տվեցի նրա հարցը և առանց խոսելու շարունակեցի գնալ:
- Ես քեզ պե՞տք եմ, - անվրդով կրկնեց նա հետևիցս: Ես ատամներս սեղմած շրջվեցի նրա կողմը և նետեցի.
- Իզուր ես հարցնում, չգիտե՞ս, որ երբեք իմ կարծիքի հետ հաշվի չես նստել: Մենք վաղուց ենք բաժանված, և ամեն ինչ ինքդ ես որոշում:
- Ես չէի ուզում հեռանալ,- նա սկսեց քայլել իմ հետևից,- ինքնաբերաբար ստացվեց:
- Իսկ ես մեղավոր չեմ, որ դու հիմա ես որոշել հարցնել իմ կարծիքը:
  Հույսը քայլում էր արագ, անաղմուկ, կարծես իմ ոտքերի շարունակությամբ, նրա քայլերը շատ նման էին իմ քայլերին. նա քայլում էր` ինչպես մի ժամանակ ես էի քայռում, և իմ աչքերը մի պահ կարոտի դառը արցունքներով լցվեցին:
- Ինձ ասացին, որ դու հիմա Հույսի կարիքն ունես,- ասաց նա:
- Ո՞վ ասաց,- ես կանգնեցի:
- Ո՞վ: Հիմա բոլորը գիտեն այդ մասին:
  Առաջին անգամ նայեցի նրա դեմքին. հայացքը փոխվել էր, բայց ընդհանուր առմամբ նախկինն էր մնացել: Եթե աչքերին նայեի, շատ բան կիմանայի իմ մասին, նա միշտ իմ հայելին էր եղել, բայց բարկացած էի ու դառնացած, ուստի արագ շրջվեցի:
- Չի կարելի,- ասաց նա,- դուպետք է հետևես ինձ, ոչ թե ես` քեզ:
- Ո՞վ ասաց` ինչն է կարելի, ինչը չի կարելի:
- Ես ոչ ոքի չեմ հարցրել: Բայց դու միշտ նույն ճանապարհով ես գնացել, դուրս միարի ուղուց:
- Հիմա ես ատում եմ միօրինակ ճանապարհը, ինչպես և ամեն կարգի կաղապար:
- Մի մոլորվիր,- ասաց նա,- դու չգիտես` ինչ բան է կաղապարը, որպեսզի կարողանաս խախտել այն: Եվ գիտես, որ խարխափելու ու կորչելու ես, եթե նորից դուրս գաս ճանապարհից: Միարա այդ:
- Քո ներկայությունը դա է նախապատրաստում. եթե քիչ էլ հետևես ինձ, ես նորից դուրս կգամ:
  Նա նախազգուշացնող դիրք բռնեց.
- Չե՞ս մոռացել հին կանոնները: Ես կպչուն միտք չեմ, ես անմիջապես կվերանամ, եթե դու օգտագործես այդ բառը. եթե մերժես ինձ:
   Մինչև այդ ես նրան չէի ասել` գնա: Ես խուսափում էի դրանից, քանի որ ինքս չգիտեի` ինչ եմ ուզում: Ես շարունակում էի գնալ` առանց որևէ խոսք ասելու:
- Չունե՞ս իմ կարիքը:
 Նա նորից բացարձակ պատասխանի էր սպասում, որպեսզի որոշեր անելիքը: Բայց ես էլ կարող էի տանջել նրան. չէի ասում ոչինչ. ոչ այո, ոչ ոչ:
- Իսկ ու՞ր ես գնում,- հարցրեց նա:
- Ուր աչքս կտրի:
- Մենա՞կ:
Ես զայրացա: Շրջվեցի ու բղավեցի նրա երեսին.
- Ես չեմ հասկանում` ինչ եք ուզում ինձնից, ինչ են ուզում բոլորը, ինչ է ուզում Նա: Սկզբում ճանապարհը նեղ էր, ինձ առաջարկվեց, ավելի ճիշտ` հրամայաբար թելադրվեց թողնել բոլորին ու մենակ գնալ, հիմա հակառա՞կն է թելադրվում: Միհոգնեցրու ինձ: 
- Դու էլ` ինձ: Մոտենում ես, բայց չես ավարտում: Մերժիր ինձ, ինչպես միշտ: Գիտես` համոզելու խա՞ղ եմ անելու քեզ հետ, ես քոնը չեմ, ես բոլորինն եմ:
- Դրա համար էլ զզվում եմ քեզանից,- ֆշշացրի ես,- դու էլ ես կաղապար, դու էլ ես բոլորինը, դու էլ ես օրինաչափություն:
- Միմոռացիր, որ օրինաչափությունը պատահականությունների շարք է: Դա քո սիրած արտահայտություններից մեկն էր:
- Հիմա ուզում եմ պարզ ապրել: Ինձ պետք չեն դատարկ ու բարդ դատողությունները, ինձ գործնական, իսկական հաջողություն է պետք:
- Այսինքն,- Հույսը ժպտաց,- ես քեզ պետք եմ, դու հաջողության ես սպասում:
- Ոչ,- կտրականապես շեշտեցի ես,- ինձ պետք չէ հույս, հավատ, սեր, դատողություն, կամք, իղձ. ինձ երջանկություն է պետք: Ես չեմ սպասում, ես ցանկանում եմ:
- Ուրեմն առավել, քան երբևէ, ունես իմ կարիքը,- հանգիստ ու կամաց հայտարարեց Հույսը:
Իմ աչքերը անհուսությունից էլի լցվեցին:
- Ես գիտեմ,- ծոր տվեցի ես,- երջանկության հասնելու համար ինձ պետք է չմտածել քո մասին:
   Նա լռեց որոշ ժամանակ: Անձայն քայլում էինք: Ճանապարհը նույնն էր: Սկզբում ես լոկ գնում էի` ցույց տալու համար, որ մենակ էլ կարող եմ գնալ, բայց հետզհետե սկսեցի պարզապես քայլել: Նորից շփոթահար էի ու անելանելի վիճակում: Նորից չգիտեի` ինչպես վարվել, բայց լավ էր, որ դեռևս իմ ճանապարհի վրա էի և նրանից դուրս չէի եկել: Եվ Հույսն էլ քայլում էր իմ հետևից: