06/09/2013

***

Կյանքը, որ դու ապրում ես առանց ինձ,
հավանաբար ինչ-որ հմայք ունի,
հակառակ դեպքում ճանապարհներս կգամվեին
քո հիշողության մանրաթելերով,
և ես չէի սլանա այնպիսի թեթևությամբ,
ասես ոչինչ չեմ թողել ուսերիս հետևում:

Կյանքը, որ դու ապրում էիր ինձնով,
Միևնույն խառնաշփոթն էր:

Իսկ իմ կյանքը հիմա խումհար է,
Ուր գլխացավը հետևանք չէ տոնախմբության,

հակառակ դեպքում որտեղի՞ց այս դառնահամն ու
ափսոսանքը

ավելորդ խմած վերջին մի քանի բաժակի համար:

16/08/2013

***

 Ծանր հարվածից ընկրկածները որոշում են լինել անչափ երջանիկ:
 Ու ցավը նրանց զսպանակի պես նետում է բուռն
 երանության մեջ:
 Նրանք հարձակվում և վայելում են
 բարկացած ինչ-որ խաղաղություն՝
 չունենալով հանգիստ
 ոչ մի րոպե:

 Իսկ ես արդուկում եմ բոլոր ցավերը ու հաճույքները.
 անընտել չմնա թող ոչինչ,
 Ամեն ինչ մերն է:
 Ամեն ինչ մերն է:
 Ամեն ինչ մերն է:

 Ամեն ինչ:

18/02/2013

***


  Երբ սկսեցինք մեր ամրոցը կառուցել,
  ես գիտեի` որ քարից է այն քանդվելու,
  քարը շատ մոտ էր հիմքին,
  ես փորձում էի այդ կողմ չնայել:

  Ամեն ինչ անթերի էր, սիրելիս,
  չափազանց արագ կառուցեցինք,
  և երբ պատերը երերացին,
  անգամ ամրոցի վերջին շնչում
  ես անթարթ նայում էի քարերին,
  որ ամուր էին
  պահել ամրոցը
  և փլուզվեցին ամենավերջում:

09/01/2013

***

Մորս փնտրում եմ
Տան սենյակներում,
Մտնում պատշգամբ,
Դուրս գալիս փողոց,
Մեկ առ մեկ շրջում քաղաքի բոլոր
Անկյունները այն,
Որտեղ կարող եմ
Նրան հանդիպել:
Երեկոյան կողմ
Հին ընկերուհուն
Տեսնում եմ նրա.
«Դու չգիտե՞ս, որ
Մայրը շատ վաղուց
Մահացել է քո»:
Ջղակծկումով արթնանում եմ ես
Ծանր երազից:
- Վեր կաց, թեյ խմենք, - ասում է մայրս:
- Թող քիչ էլ քնեմ, - ասում եմ ես: