28/08/2015
11/03/2014
***
Վաղը ես կրկին անցնելու եմ այն փողոցներով,
Որտեղով դու կարող էիր անցնել
պատահաբար:
Ու եթե պարտադիր չլիներ այս տխրությունը,
Կարելի էր և շնչահեղձ լինել երջանկությունից.
որ անձրևը շռնդալից թափվում է այդ բոլոր փողոցների վրա
և վայր դրված բոլոր զենքերի վրա
փառահեղորեն թափվում է անձրևը,
ու բանից պարզվում է՝
ընդհանրապես չկան բաժանումներ, միացումներ ու վերջակետեր.
կան միայն արահետներ ոլորապտույտ,
որ ոչ մի տեղ չեն տանում,
այլ միայն թրջվում ու ծաղկում են
գարնան օրերին:
06/09/2013
***
Կյանքը, որ դու ապրում ես առանց ինձ,
հավանաբար ինչ-որ հմայք ունի,
հակառակ դեպքում ճանապարհներս կգամվեին
քո հիշողության մանրաթելերով,
և ես չէի սլանա այնպիսի թեթևությամբ,
ասես ոչինչ չեմ թողել ուսերիս հետևում:
Կյանքը, որ դու ապրում էիր ինձնով,
Միևնույն խառնաշփոթն էր:
Իսկ իմ կյանքը հիմա խումհար է,
Ուր գլխացավը հետևանք չէ տոնախմբության,
հակառակ դեպքում որտեղի՞ց այս դառնահամն ու
ափսոսանքը
ավելորդ խմած վերջին մի քանի բաժակի համար:
16/08/2013
***
Ծանր հարվածից ընկրկածները որոշում են լինել անչափ երջանիկ:
Ու ցավը նրանց զսպանակի պես նետում է բուռն
երանության մեջ:
Նրանք հարձակվում և վայելում են
բարկացած ինչ-որ խաղաղություն՝
չունենալով հանգիստ
ոչ մի րոպե:
Իսկ ես արդուկում եմ բոլոր ցավերը ու հաճույքները.
անընտել չմնա թող ոչինչ,
Ամեն ինչ մերն է:
Ամեն ինչ մերն է:
Ամեն ինչ մերն է:
Ամեն ինչ:
22/05/2013
18/02/2013
***
Երբ
սկսեցինք մեր ամրոցը կառուցել,
ես
գիտեի` որ քարից է այն քանդվելու,
քարը
շատ մոտ էր հիմքին,
ես
փորձում էի այդ կողմ չնայել:
Ամեն
ինչ անթերի էր, սիրելիս,
չափազանց
արագ կառուցեցինք,
և
երբ պատերը երերացին,
անգամ
ամրոցի վերջին շնչում
ես
անթարթ նայում էի քարերին,
որ
ամուր էին
պահել
ամրոցը
և
փլուզվեցին ամենավերջում:
09/01/2013
***
Մորս փնտրում եմ
Տան սենյակներում,
Մտնում պատշգամբ,
Դուրս գալիս փողոց,
Մեկ առ մեկ շրջում քաղաքի բոլոր
Անկյունները այն,
Որտեղ կարող եմ
Նրան հանդիպել:
Երեկոյան կողմ
Հին ընկերուհուն
Տեսնում եմ նրա.
«Դու չգիտե՞ս, որ
Մայրը շատ վաղուց
Մահացել է քո»:
Ջղակծկումով արթնանում եմ ես
Ծանր երազից:
- Վեր կաց, թեյ խմենք, - ասում է մայրս:
- Թող քիչ էլ քնեմ, - ասում եմ ես:
Տան սենյակներում,
Մտնում պատշգամբ,
Դուրս գալիս փողոց,
Մեկ առ մեկ շրջում քաղաքի բոլոր
Անկյունները այն,
Որտեղ կարող եմ
Նրան հանդիպել:
Երեկոյան կողմ
Հին ընկերուհուն
Տեսնում եմ նրա.
«Դու չգիտե՞ս, որ
Մայրը շատ վաղուց
Մահացել է քո»:
Ջղակծկումով արթնանում եմ ես
Ծանր երազից:
- Վեր կաց, թեյ խմենք, - ասում է մայրս:
- Թող քիչ էլ քնեմ, - ասում եմ ես:
Subscribe to:
Posts (Atom)