16/08/2013

***

 Ծանր հարվածից ընկրկածները որոշում են լինել անչափ երջանիկ:
 Ու ցավը նրանց զսպանակի պես նետում է բուռն
 երանության մեջ:
 Նրանք հարձակվում և վայելում են
 բարկացած ինչ-որ խաղաղություն՝
 չունենալով հանգիստ
 ոչ մի րոպե:

 Իսկ ես արդուկում եմ բոլոր ցավերը ու հաճույքները.
 անընտել չմնա թող ոչինչ,
 Ամեն ինչ մերն է:
 Ամեն ինչ մերն է:
 Ամեն ինչ մերն է:

 Ամեն ինչ:

18/02/2013

***


  Երբ սկսեցինք մեր ամրոցը կառուցել,
  ես գիտեի` որ քարից է այն քանդվելու,
  քարը շատ մոտ էր հիմքին,
  ես փորձում էի այդ կողմ չնայել:

  Ամեն ինչ անթերի էր, սիրելիս,
  չափազանց արագ կառուցեցինք,
  և երբ պատերը երերացին,
  անգամ ամրոցի վերջին շնչում
  ես անթարթ նայում էի քարերին,
  որ ամուր էին
  պահել ամրոցը
  և փլուզվեցին ամենավերջում:

09/01/2013

***

Մորս փնտրում եմ
Տան սենյակներում,
Մտնում պատշգամբ,
Դուրս գալիս փողոց,
Մեկ առ մեկ շրջում քաղաքի բոլոր
Անկյունները այն,
Որտեղ կարող եմ
Նրան հանդիպել:
Երեկոյան կողմ
Հին ընկերուհուն
Տեսնում եմ նրա.
«Դու չգիտե՞ս, որ
Մայրը շատ վաղուց
Մահացել է քո»:
Ջղակծկումով արթնանում եմ ես
Ծանր երազից:
- Վեր կաց, թեյ խմենք, - ասում է մայրս:
- Թող քիչ էլ քնեմ, - ասում եմ ես:

24/12/2012

***


      Այնպես եմ ուզում այրել կամուրջները,
      որ բռնկվեն նաև ձորերը անցած,
      և երբ հոգիս հմայվի 
      մոխրից բարձրացող ծխի ժապավենով՝
      կսկսեմ շինարարությունը 
      կանգնածս վայրում քողտիկ, 
      և ոչ թե որևէ ձորի հետ կապող կամուրջ 
      կառուցելու համար:

21/12/2012

***

Եվ, այնուամենայնիվ,
եկավ աշխարհի վերջը,

դեկտեմբերի 21-ին, ուղիղ 10:12
ծերունին ներս մտավ դանդաղ բացվող դռնից
և տխուր դեմքով` բացիկ հանձնեց մեզ,
որում շնորհավորանք էր՝
Ամանորի, Սուրբ Ծննդյան և շարունակվող կյանքում կատարվելիք
հետագա գործերի հաջողության բարեմաղթանքով,
մի հեռավոր ու տաք երկրից,
որի գտնվելու տեղն ու անվանումը
ոչ ոք չմտաբերեց:

18/12/2012

***

Անունդ սահում է կողքովս՝
տարբեր իրերի վրայով,
նայում է աչքերիս՝ իբրև իմիջիայլոց.

Ու մտաբերում եմ, որ
եղել ես,
իբրև իմիջիայլոց՝ նայել ես աչքերիս,
և իրերը սահել են մեր կողքով: