11/03/2014

***



Վաղը ես կրկին անցնելու եմ այն փողոցներով,
Որտեղով դու կարող էիր անցնել պատահաբար:
Ու եթե պարտադիր չլիներ այս տխրությունը,
Կարելի էր և շնչահեղձ լինել երջանկությունից.

որ անձրևը շռնդալից թափվում է այդ բոլոր փողոցների վրա
և վայր դրված բոլոր զենքերի վրա
փառահեղորեն թափվում է անձրևը,
ու բանից պարզվում է՝
ընդհանրապես չկան բաժանումներ, միացումներ ու վերջակետեր.
կան միայն արահետներ ոլորապտույտ,
որ ոչ մի տեղ չեն տանում,
այլ միայն թրջվում ու ծաղկում են
գարնան օրերին:

06/09/2013

***

Կյանքը, որ դու ապրում ես առանց ինձ,
հավանաբար ինչ-որ հմայք ունի,
հակառակ դեպքում ճանապարհներս կգամվեին
քո հիշողության մանրաթելերով,
և ես չէի սլանա այնպիսի թեթևությամբ,
ասես ոչինչ չեմ թողել ուսերիս հետևում:

Կյանքը, որ դու ապրում էիր ինձնով,
Միևնույն խառնաշփոթն էր:

Իսկ իմ կյանքը հիմա խումհար է,
Ուր գլխացավը հետևանք չէ տոնախմբության,

հակառակ դեպքում որտեղի՞ց այս դառնահամն ու
ափսոսանքը

ավելորդ խմած վերջին մի քանի բաժակի համար:

16/08/2013

***

 Ծանր հարվածից ընկրկածները որոշում են լինել անչափ երջանիկ:
 Ու ցավը նրանց զսպանակի պես նետում է բուռն
 երանության մեջ:
 Նրանք հարձակվում և վայելում են
 բարկացած ինչ-որ խաղաղություն՝
 չունենալով հանգիստ
 ոչ մի րոպե:

 Իսկ ես արդուկում եմ բոլոր ցավերը ու հաճույքները.
 անընտել չմնա թող ոչինչ,
 Ամեն ինչ մերն է:
 Ամեն ինչ մերն է:
 Ամեն ինչ մերն է:

 Ամեն ինչ:

18/02/2013

***


  Երբ սկսեցինք մեր ամրոցը կառուցել,
  ես գիտեի` որ քարից է այն քանդվելու,
  քարը շատ մոտ էր հիմքին,
  ես փորձում էի այդ կողմ չնայել:

  Ամեն ինչ անթերի էր, սիրելիս,
  չափազանց արագ կառուցեցինք,
  և երբ պատերը երերացին,
  անգամ ամրոցի վերջին շնչում
  ես անթարթ նայում էի քարերին,
  որ ամուր էին
  պահել ամրոցը
  և փլուզվեցին ամենավերջում: