26/07/2011

***


Ես և ծառը ծերանում ենք հավասարաչափ.
բայց ծառը դրանից ողբերգություն չի սարքում
և ամեն աշնանամուտին
բանաստեղծություններ չի գրում տերևաթափի մասին:

Ես և ծառն ունենք ընդհանրություններ.
սիրում ենք պճնվել և գեղեցիկ լինել մահու չափ.
բայց ես թույլ չեմ տալիս,
որ պատահական մարդիկ
տապից հովանան իմ ստվերում:

Իմ ու ծառի միջև մի օր չի լինի ոչ մի էական տարբերություն`
առավելապես ձևի և բովանդակության տեսանկյունից.
Մենք պատվանդան կլինենք այլոց քայլերի և արմատների համար.
Բայց առայժմ
Ծաղկում ենք միասին,
Շփվում հազվադեպ`
Անտեղյակ միմյանց մտորումներին,
Աննկատ ու լուռ
Եվ չափազանց
կանաչ:

27/06/2011

Անշտապ հանգցրի

Անշտապ հանգցրի կարոտը հոգուդ.
ու շնչիս քամին սլացավ թեթև
գլխավերևով ծածանվող սիրուդ:

Հանգցրեց դանդաղ` ջերմ փաղաքշելով,
Որ չվնասվեն արմատներն ամուր`
Ուրիշ անձրևից զարթնելու համար:

Հարատևելու ճիգերը համառ
Տեղի տվեցին վերջնականապես
քնքշության դիմաց իմ հեռացումի:

Ու մարեց քամին ինչ-որ եզերքում`
իր հետ տանելով պատառիկները
քո այրված սիրո ծուխ-մոռացումի:

Այստեղ դու չկաս

Այստեղ դու չկաս:
Մարդկային հոգու բութ ծուլությունը
գործնականության դիմակ է կրում:

Գոյության ծաղկի թերթիկներն եմ թույլ
պոկում մեկ առ մեկ.
Այստեղ դու չկաս:

Եվ ապրող հոգու վազքի կարիքը
Դառնում է շարժման անհարկի աղմուկ:
Եվ ո’չ մի նոր բառ իմաստության մեջ,
ո’չ մի բառ պակաս:

Ես մոլորակը այս պիտի փոխեմ` գուցե ուրիշով.
Այստեղ դու չկաս:

24/06/2011

Անտարբեր ու լուրջ

Շենքերը նորից իրար են նայում
անտարբեր ու լուրջ,
լուրջ ու անտարբեր.
Արձակուրդներից հին հագուստները
վերադառնում են`
նորից չմաշված:
Եվ մարդիկ էլի հագնում են դրանք,
Հագնում են դրանք լուրջ ու անտարբեր,
Եվ ինչ-որ մեկի կանչող հայացքին
պատասխանում են անտարբեր ու լուրջ:
Բայց այդ ամենը ինձ հետ կապ չունի,
Աշխարհը ու ես ապրում ենք իբրև
նոր հարևաններ.
Եվ զարմանում ենք միշտ հանդիպելիս,
Քմծիծաղում ենք` լուրջ ու անտարբեր: