17/06/2011

Հոգուս ամպի մեջ

Հոգուս ամպի մեջ տրտմություն չկա,
Ու թախիծ չկա անձրևների մեջ.
Միայն հոգնություն, թմրություն ու քաղց`
Սովահար հոգու ծույլ դեգերումներ…
Գուցե ինչ-որ բան ակնհայտ դառնա,
Ու պարզաբանվի մի ճշմարտություն,
Միայն թե արդյո՞ք շուտ կհեռանա
Ցրտահար մարմնի սարսուռը թաքուն:
Ինչ-որ երկնքում, ասում են, թե կա
Ինչ-որ «վատ բանի» բացակայություն,
Ինչ-որ արևի պաղ գծանկար,
Ենթադրվում է` կա երջանկություն…
Իսկ կա՞ արդյոք սեր, երբ սիրած մարդուն
Էլ չեն ճանաչում անցորդների մեջ.
Երբ շրջանցում են անհայտ փողոցում`
Թեկուզ փնտրելով նրան անընդմեջ:
Եվ թախիծ չկա անձրևների մեջ,
Հոգու ամպի մեջ տրտմություն չկա.
Չճանաչե՞լ… քե՞զ…  քայլերդ չզգա՞լ…
Ուրեմն իրոք փրկություն չկա…

15/06/2011

Ճանապարհ

Ճանապարհ. աղմուկ, հեռացող լույսեր,
Մայթերին փռված անծայր սևություն,
Այրված ծխախոտ և ցավող ուսեր,
Հզոր շարժիչի փառահեղ թնդյուն:
Ակերից փախչող ո~ղջ կենսագրություն,
Ճանապարհ. մի գիծ կետերի միջև,
Ճանապարհ. բայց ու՞ր. հետևից առա՞ջ,
Թե՞ տվյալ պահին` առջևից դեպ ետ:
Ճանապարհ. ծիծաղ, ոգևորություն,
Մարդու մեջ դրված` շարժման հանդեպ սեր,
Ճանապարհ` ընթացք, սակայն այս դեպքում`
Շարժումների մեջ քարացած մի կետ:

14/06/2011

Կապույտ առավոտ

Կապույտ առավոտ ու մեռնող գիշեր,
Աստիճանաբար սթափվող մենություն,
Մի գլուխ` ցավե¯ր, ապրումնե¯ր, հուշե¯ր,
Հին վարկածների վերջնական հերքում:
Մի պահ բերկրանքի ցավոտ արթնացում,
Հին սկավառակում` օրհնյալ ժապավեն,
Ժապավենի մեջ` ինչ-որ պատմություն,
Հանուն ուրիշի գրված ռեքվիեմ:
Մի տխուր, բայց ջերմ խաղի վերջաբան,
Ամեն առավոտ արթնացող վերքեր,
Ամեն օրվա հետ ծնվող վախճանում`
Անվերջ փնտրվող երազի հետքեր...

13/06/2011

Օրերի վրա դարսվող պահերին

Օրերի վրա դարսվող պահերին
Դեռ գումարվում են անհամա¯ր ժամեր,
Որոնք տանում են ծերացման` դեպի
Հին պատճառների նոր հետևանքներ:
Երբ ներկան հանկարծ սահում է ձեռքից
Ու վարակվում է նույն կարոտախտով,
Ես հասկանում եմ. շնորհակալ եմ.
կորստի ճամփան լի էր դրախտով,
երբ միշտ որոնող իմ կրակները
Հոգուդ հրդեհին ապավինեցին.
Ես ներում եմ քեզ քո արատները,
քանզի դրանք ինձ ապաքինեցին:

09/06/2011

Մի օր կմատնի ձեռագիրը իմ

Մի օր կմատնի ձեռագիրը իմ
Կալանքից հոգնած լուսավոր մի դեմք,
Ու հետմիջօրեն նախատոնական
Նորից կծնվի սևագրի առջև:
Օրը կարարվի օրաթերթերում`
Մշտնջենական հիասթափությամբ,
Միանշանակ լուծում կփնտրի
Առաջին մարդու հարցն անպատասխան:
Եվ վախ կանվանվի  ուրախությունը,
Երջանկությունը` կորստի բանբեր,
Ամեն անկյունում կխաչվի Հիսուս,
Ամեն մարդու հետ կծնվի նոր նեռ:
Ինքնաբանտարկված դեմքը կարձակվի
Ամենայն նորի հին կրկնությունից.
Ես ամանորի ցուրտ կեսգիշերին
Ապրելու համար կծնվեմ նորից…